Յասմին ռեստորան. Տիկին Հասմիկի բաղադրատոմսերն ու 4 սեղանից սկսած գործը

Հալեպցի տիկին Հասմիկի ընտանիքի կարճատեւ արձակուրդը Հայաստանում «շարունակվում» է արդեն 10 տարի: Ամենասկզբում նրանց բացած արագ սննդի կրպակը վաղուց ռեստորան է դարձել։ Այցելուները գիտեն՝ տիկին Հասմիկը ոչ մի տարբերություն չի դնում ընտանիքի անդամների եւ իրենց միջեւ, երկու դեպքում էլ ուտեստները տնական են, ավանդական ու համեղ։

Ծնվել եմ Հալեպում։ 2012-ի սեպտեմբերին ամբողջ ընտանիքով Հայաստան պտույտի եւ հայկական անձնագիր ստանալու եկանք: Այն ժամանակ Սիրիայում պատերազմը նոր էր սկսել, իրավիճակը վատացավ, որոշեցինք մնալ։ Մեր 15 օրվա արձակուրդը երկարեց արդեն 10 տարի։ Փոքր տղաս այդ ժամանակ աշակերտ էր, իսկ մեծ որդիս Սիրիայում իր գործն ուներ եւ վերադարձել էր այնտեղ: Այդ շրջանում այստեղ մնալու որոշումը ես եւ ամուսինս կայացրեցինք։ Մնալու համար պետք էր ապրուստի միջոց ունենալ։

Երիտասարդ տարիքում բժշկական ինստիտուտ էի ավարտել, բայց չէի աշխատել, Սիրիայում տանտիկին էի։ Տան մոտակայքում, որտեղ մնում էինք՝ Սայաթ-Նովա փողոցում, ազատ կրպակ տեսանք, որոշեցինք վերցնել, անվանեցինք «Հալեպի սնունդ» եւ սկսեցինք արագ սնունդ մատուցել։ Սկսեցինք սիրիական սենդվիչներից, բրդուճներից։ Ես պատրաստում էի, ամուսինս՝ ներկայացնում։ Այդ շրջանում Հայաստանում շատ սիրիահայեր կային, կարծում էինք, որ նրանց շնորհիվ պահանջարկ կլինի եւ հենց այդպես էլ եղավ։ Հետո սենդվիչների տեսակներն ավելացրեցինք։

 

Մայիս ամսին էինք սկսել գործը, ձմռանը կրպակի հետեւի հատվածում գտնվող եւս մի փոքրիկ տարածք վերցրեցինք, այնտեղ էլ տաք ճաշեր սկսեցինք մատուցել եւ այդ հատվածն էլ անվանեցինք «Հալեպի ճաշեր»։

Մեր ռեստորանային բիզնեսը սկսեցինք ընդամենը 4 սեղանով։ Նոր տարածքում խոհանոց ունեինք, որտեղ էլ արդեն օգնական ունեցա։ Այսպես աշխատեցինք չորս տարի։ Շինությունները քարաշեն չէին, ամռանը շոգ էր, ձմռանը՝ ցուրտ։ Մշտական հաճախորդները քաջալերում էին, որ պետք է զարգանալ, ավելի լավ տեղում աշխատել։ 5 տարի առաջ որոշեցինք տեղափոխվել Փարպեցի 26 հասցե եւ բացեցինք Yasmine Restaurant-ը, սկզբից էլ խնդիր չունեցանք, որովհետեւ հաճախորդները շարունակեցին նաեւ այս ռեստորան այցելել։