Հայկական ազգային խոհանոց

Հայաստանի խոհարարական ավանդույթները սկիզբ են առնում պատմության խորքից։ Հայտնի է, որ հայերը խմորման և հացաթխման մասին պատկերացում են ունեցել դեռևս 2500 տարի առաջ։ 

Հայկական հացը՝ լավաշը , 2014թ. ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Հայկական խոհանոցը նույնքան բազմազան է որքան և Հայաստանն ինքը։ Հայկական շատ կերակրատեսակների պատրաստման ավանդույթները մնում են անփոփոխ։ Ավանդականությունը դրսևորվում է և՛ կերակուրների պատրաստման տեխնոլոգիայում, և՛ հնաոճ խոհանոցային սպասքի օգտագործման, և՛ սննդամթերքի տեսականու մեջ։ Կերակուրներ պատրաստելիս օգտագործում են կավե ամաններ, ինչպես նաև հատուկ օջախ՝ թոնիր։ Թոնիրը հրակայուն կավից պատրաստված և հողում փորված կոնաձև ցիլինդր է։ Այն օգտագործում են ոչ միայն լավաշ և այլ հացատեսակներ թխելու, այլ նաև ապուրներ պատրաստելու, ձուկ ու թռչուն ապխտելու համար։ Հայկական խոհանոցի հիմնական կերակրատեսակները մսից տարբեր եղանակներով պատրաստված ուտելիքներն են։ Մսի առատությունը հայկական սեղանին արդյունքն է այն բանի, որ արդի Հայաստանի տարածքում վաղուց զարգացած է եղել անասնաբուծությունը։ Կերակրացանկում օգտագործվում է ոչխարի, տավարի, հորթի, խոզի, ինչպես նաև թռչնի միս։ 

 

Հայկական խոհանոցում ապուրների պատրաստման բազմաթիվ բաղադրատոմսեր կան։ Ապուրները կամ, ինչպես դրանք այլ կերպ անվանում են՝ առաջին կերակուրները, յուրաքանչյուր խոհանոցի անբաժանելի մասն են։ Դրանք պատրաստում են ինչպես մսի արգանակով, այնպես էլ մածնով։ Օգտագործվում է կանաչեղենի մեծ քանակություն՝ կերակուրներին հատուկ համ հաղորդելու և դրանք զարդարելու համար։Մածունը և դրանով պատրաստված կերակուրները բարձր են գնահատվում հայ ժողովրդի կողմից։ Դրանք օգտագործում են նաև որպես առանձին կերակուր, հաճախ մածունն ու կաթնեղենն օգտագործում են որպես համեմունք կամ հիմնական կերակրի հավելում։

Դժվար է գտնել մեկին, ով համեղ ուտել չի սիրում, իսկ կերակուրների համտեսումը ամեն մի ճանապարհորդության անբաժանելի մասն է։ Կարևոր է, որպեսզի զբոսաշրջիկն իրեն հարմարավետ զգա Հայաստան աշխարհում, իսկ սնունդը լավ հանգստի կարևոր մասն է։